Շարմ Էլ Շեյխը՝ ողջ հմայքով. «Անռիվա տուր»-ի կազմակերպած լրագրողների տպավորիչ մեդիա տուրը

«Անռիվա տուր»-ը հերթական անգամ կազմակերպեց մեդիա տուր լրագրողների մեծաթիվ պատվիրակության համար, այս անգամ՝ Շարմ էլ Շեյխ: Մայիսի 16-ի վաղ առավոտյան լրագրողները մեկնեցին Եգիպտոս, տեղում ծանոթանալու եգիպտական հանգստավայրի առաջարկներին, զբոսաշրջային այդ քաղաքում հանգստի կազմակերպման առանձնահատկություններին, ծովի ու անապատի հեքիաթին: «Անռիվա»-ն, որ Air Cairo-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, ամեն ինչ արել էր, որպեսզի լավագույնս ներկայացնի ծովի ու անապատի առավելությունները մեկտեղած հանգստավայրն իր ողջ հմայքով: 7-օրյա մեդիա տուրի ընթացքում մենք՝ լրագրողներս, հնարավորություն ունեցանք շրջել ամենատարբեր կարգի հյուրանոցներով, տեղում ծանոթանալ առաջարկվող պայմաններին, համտեսել ամենատարբեր համային նախասիրություններ ունեցողների համար առաջարկվող սնունդը, օգտվել ծովային ու ժամանցային բացառիկ առաջարկներից, վայելել Կարմիր ծովի հմայքը զբոսանավով, կվադրոցիկլներով լինել անապատում, զբոսնել Սոխոյի հրապարակում, վայելել գիշերամուտը ժայռի մեջ տեղավորված ու ծովափին գտնվող «Ֆարշա» կոչվող կախարդական սրճարանում, լինել Ղպտիական եկեղեցում, այցելել Մզկիթ, գնումներ կատարել Հին քաղաք կոչվող շուկայում ու փորձել տիրապետել ժամեր ձգվող սակարկելու նուրբ արվեստին, հրաշալի ժամանակ անցկացնել ջրային խելահեղ գոտում (Ակվա պարկում), ժամանցի ու առևտրի կենտրոն հիշեցնող Նամաբեյում, Շարմի այլ հրաշագեղ վայրերում և այլն: Խիտ, հացեցած օրակարգն ու հրաշալի կազմակերպված այցը չափազանց տպավորիչ էր, հետաքրքիր:

 

Թռիչքների մասին
Air Cairo-ն իրականացնում է կանոնավոր չվերթներ Եգիպտոսի ամենահայտնի հանգստավայրերի՝ Հուրգադայի ու Շարմ Էլ Շեյխի ուղղություններով: Հայաստանում Air Cairo-ի պաշտոնական ներկայացուցիչը Անռիվա ընկերությունն է: Այս անգամ Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթի ուղևորները լրագրողներն էին: Թռիչքի տևողությունը մոտ 2 ժամ 30 րոպե է:


Տուր օպերատորի ու տուրիստական փաթեթի ընտրության մասին
Այսօր տուր օպերատորների բազմազանության մեջ առաջին հայացքից թվում է, թե ընտրությունը չափազանց մեծ է, բայց իրականում բավական բարդ է ու որոշ դեպքերում՝ վտանգավոր: Իսկ վստահելի տուր օպերատորի ընտրության դեպքում հնարավոր է գտնել ցանկացած նախընտրությանը համապատասխան հանգիստ: Այդ առումով «Անռիվա»-ն լավագույնս կարող է օգնել եգիպտական հանգստավայրերի խելահեղ առաջարկների ընտրության հարցում՝ կախված ակտիվ կամ պասիվ հանգստի նախընտրությունից, գնից, փաթեթների տեսակից՝ երաշխավորելով հանգստի հիանալի ու ապահով պայմաններ:

Զբոսավարի մասին

Լրագրողների պատվիրակությանն ուղեկցում էր եգիպտացի զբոսավար Շամս Սոլը, բայց բոլորս նրան կոչում էինք Ռոմա: Համակրելի արտաքինով, դեռևս չամուսնացած 27-ամյա այդ երիտասարդը մասնագիտությամբ թարգմանիչ է, անցել է պայմանագրային զինծառայություն Եգիպտոսի բանակում և երկրի օրենքների համաձայն՝ իրավունք ունի լքելը Եգիպտոսի տարածքը միայն 29 տարեկանը լրանալուց հետո, ուստի հայ լրագրողների՝ Հայաստան այցի հրավերին խոստացավ անպայման արձագանքել միայն երկու տարի անց: Հետաքրքրական պատմությունները, ընտանեկան ավանդույթների ներկայացումը ու հայ լրագրողների անվերջանալի հարցերին պատասխանելը հավատացեք մեծ ջանքեր ու գիտելիք է պահանջում. Ռոման պատվով հաղթահարեց այդ փորձությունը:

Սպասարկման մասին
Եգիպտացիները հպարտանալու առիթ ունեն, ամեն ինչ անում են՝ սպասարկումը բարձր մակարդակով կազմակերպելու ու հյուրերին առավելագույն գոհացնելու համար: «Մեզ համար սովորական հյուրեր չկան, յուրաքանչյուր հյուր հատուկ է»,-ասաց հյուրանոցներից մեկի ռեստորանի մենեջերը: Եվ իսկապես, սպասարկող անձնակազմն աշխատում է 24 ժամ գոհացնելու յուրաքանչյուր հյուրի, ապահովելով մաքրություն, հարմարավետություն, լիարժեք հանգիստ: Որպես կանոն՝ Եգիպտոսի հանգստավայրերի սպասարկող անձնակազմում կանանց չես տեսնի, բայց այս անգամ 2 եգիպտուհու հանդիպեցինք (խոհարար, մաքրուհի):

Կարմիր ծովի գրավչության մասին
Աղի, չափազանց մաքուր, բազմագույն ու բազմապիսի ձկներով հարուստ ու գեղեցիկ Կարմիր ծովն ավելի գրավիչ դանձնելու համար եգիպտացիները ջանք չեն խնայում: Իհարկե, լողալու համար ափի հարցում ձեր բախտը կախված է հյուրանոցի ընտրությունից, սակայն ծովի հմայքը վայելելու համար շատ տարբերակներ են նրանք առաջարկում՝ սկսած նավարկությունից մինչև ջրասույզների ծառայություն, ծովային ատրակցիոններ, ծովափին տեղակայված սրճարաններ, ժամանցի վայրեր և այլն:

      

Համերի ու հոտի մասին
Եգիպտոսում սննդի ընտրությունն ավելի քան մեծ է, ամենատարբեր քիմքին հարմար՝ ծովամթերք, մսային ուտեսներ, բանջարեղեն ու միրգ, ընդեղեն, անմահական աղանդեր, անվերջանալի ըմպելիքներ: Խոհանոցը բազմազան է՝ իտալական, հնդկական, լիբանանյան, մեքսիկական և այլն: Նոր համեր բացահայտելու մեծ հնարավորություններով, ամենատպավորիչը ուտելիքի առատությունն է և օրվա ամենաշոգ պահին ամենաբարի ժպիտով առաջարկվող սառը կոկտեյլը:

Բացահայտումների մասին
Ղպտի ուղղափառ եկեղեցի բաց ծնկներով և ուսերով չես կարող մտնել, առաջարկվող համապատասխան հագուստը և զբոսավարի հետաքրքրաշարժ պատմությունը քեզ տեղափոխում է այլ իրականություն: Այն կառուցված է ճարտարապետական գեղեցիկ լուծումներով, իսկ ներսն ամբողջովին պատված է սրբապատկերներով, որոնցում արտացոլված աստվածաշնչյան պատմությունների մեկնությունները մեր զբոսավար Ռոման ամենայն մանրամասնություններով էր ներկայացնում:

Ճարտարապետական շքեղ լուծումներով է կառուցված նաև Հին քաղաք կոչվող շուկայի հարեւանությամբ գտնվող մզկիթը, որն անկասկած քաղաքի այցեքարտերից է:

Գնումների մասին
Խանութներ շատ կան քաղաքում՝ սկսած հյուրանոցի տարածքում, միակ գլխավոր պողոտայում, ժամանցի և առևտրի կենտրոն հիշեցնող Նամաբեյում, այնպես էլ Հին քաղաք կոչվող շուկայում: Ամենագլխավորը սարկելու արվեստին տիրապետելն է, որը տևում է ժամեր և ավարտվում թեյի հյուրասիրությամբ, երկկողմ գոհունակությամբ: Շուկայում ամեն ինչ կա՝ եգիպտական անուշեղենից, մինչև գլխաշորեր, ձեռքի աշխատանք, հուշանվերներ, կոսմետիկ և բուժիչ յուղեր և այլն: Հայերին լավ են ճանաչում վաճառողները, անգամ որոշ խանութների փեղկերին գնորդների կողմից արված հայատառ գրառումներ եկան: 

 

Լեզուների մասին
Շարմ Էլ Շեյխում խոսում են զբոսաշրջիկների լեզվով և իսկապես ամենաշատ հնչող արաբերենի, ռուսերենի ու անգլերենի կողքին լսելի են նաև ֆրանսերեն, իտալերեն ու  անգամ հայերեն բառեր: «Լա՞վ ես»,-արաբերեն առոգանությամբ ամեն քայլափոխի հետաքրքրվում են մատուցողները:

Անապատի ու էքստրիմի մեծ չափաբաժնի մասին
Մայրամուտից առաջ անապատի փոշին մի ուրիշ հմայք ունի: Կվադրոցիկլերով սաֆարի տուրը էքստրիմի մեծ չափաբաժին է ապահովում և իրականացվում է Սինայի անապատում, որտեղ այսօր էլ բնակվում են խորհրդավոր բեդուինները:

Հետաքրքրաշարժ կանգառներ են նախատեսված տուրի մասնակիցների համար, իսկ  վերջնականգառում սպասում է թեյախմության հյուրասիրությունը բեդուինների մոտ (ի դեպ՝ նրանք հանգիստ օգտվում են ժամանակակից տեխնիկայից՝ հեռախոս, լուսանկարչական ապարատ և տեսախցիկ, տուրիստներին ջուր և գազավորված ըմպելիք են վաճառում, սակայն առ այսօր ապագա կնոջ դեմքը տեսնում են միայն հարսանիքի օրը): 

Զգացումների ու զգացմունքների մասին
Ծովի ու անապատի այս հեքիաթում արագ տպավորվելն ու անգամ սիրահարվելը հեշտ է, նպաստող հանգամանքներ՝ ինչքան ուզես: Շուրջբոլորը հաճոյախոսություններ են, անգամ՝ սիրո խոստովանություններ, ջերմ ժպիտներ ու հայացքներ:

Գիշերային կյանքի մասին
Երեկոյան և անգամ գիշերը Շարմում կյանքը եռում է՝ դիսկոտեկներ, խելահեղ շոուներ, զբոսանքներ: Մութն այս քաղաքում շուտ է ընկնում ու այդ պահից սկսվում է մի ուրիշ, հրաշագեղ կյանք:

Քաղաքի մասին
Քաղաքի անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է Շեյխի ծովածոց: Շարմը գտնվում է Սինա թերակղզու հարավային ծայրում, ձգվում է Կարմիր ծովի ափամերձ երկայնքով: Բացառապես զբոսաշրջային այս քաղաքը հիմնական բնակչություն չունի, այստեղ գալիս են աշխատելու երկրի տարբեր քաղաքներից՝ անգամ Ռուսաստանից, Ուկրաինայից: Այդ աշխատակիցներին հյուրանոցներն ապահովում են համապատասախան կացարաններով: Քաղաքում ամենուր շինարարություն է, կառուցվում են նոր ու շքեղ հյուրանոցներ, տպավորիչ շինություններ, որոնք գրավում են նորանոր զբոսաշրջիկների: Այստեղ շենքերը բարձրահարկ չեն, հիմնականում երեք հարկանի, ասում են, որ քաղաքի ցանկացած կետից երևա ծովը:

Շնորհիվ հարմարավետ տեղագրության, լավ կլիմայի, հարուստ բնական աշխարհի և արագորեն զարգացող քաղաքային որակի, այն վաստակել է հայտնիություն զբոսաշրջիկների շրջանում։

Անվտանգության մասին
Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանից զգացվում է, որ անվտանգությունն ուժեղացված է, կրկնակի ստուգում, սովորականից ավելի ուշադրություն, գլխաշորով կանայք ստուգում են կանանց, տղամարդիկ՝ տղամարդկանց: Զբոսայգի, հյուրանոց, անգամ եկեղեցի մտնելիս զբոսաշրջիկն անցնում է համապատասխան ստուգող սարքերի միջով:

Եղանակի մասին
Պատմում են, որ վերջին անգամ Շարմում 30 օր առաջ է անձրև եկել: Անձրևը, քամինը, առավել ևս սառը օդը Շարմում հազվադեպ երևույթներ են: Այստեղ շատ շոգ է, բայց ամեն ինչ արված է, որ զբոսաշրջիկը չզգա այդ տոթը: Սառը ըմպելիքներն ամեն քայլափոխի են, իսկ օդափոխությունն ապահովված է թե՛ հյուրանոցում, թե՛ ռեստորաններում ու սրճարաններում, թե՛ խանութներում ու ավոտբուսներում:, Շարմում թերևս միայն պետք է «դիմանալ» ջերմ ընդունելությանը, լավ սպասարկմանը, բարյացակամ վերաբերմունքին. այդ ջերմությանը ոչ մի օդափոխիչ  չի օգնի:

 

Աննա Մկրտչյան

Շարմ Էլ Շեյխ