Տեսնել է պետք. Շարմ Էլ Շեյխի արեւելյան հրապուրանքները

Գարնան վերջին լրագրողների հերթական խումբը հնարավորություն ունեցավ կտրվել մայրաքաղաքի անցուդարձից եւ գրեթե երեք ժամում թեթեւագույն թռիչքով եւ վայրէջքով տեղափոխվել այլ իրականություն, որտեղ ամենահեքիաթայինը Կարմիր ծովի ընդերքում է, ամենաթեժը Սինայի անապատում, իսկ ամենակոլորիտայինը կարելի է բացահայտել եգիպտական հյուրընկալ քաղաքի շատուշատ անկյուններում:

Շարմ Էլ Շեյխ ճանաչողական այցը կազմակերպել էին Հայաստանից Եգիպտոս կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնող եգիպտական առաջատար AIR CAIRO ավիաընկերությունը եւ վերջինի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ ANRIVA TOUR տուրօպերատորը:

Շեյխի ծովախորշը (այսպես է թարգմանվում Շարմ Էլ Շեյխը) գտնվում է Սինայի թերակղզու հարավում: Ջրի ջերմաստիճանն այստեղ երբեք +20 ՛C -ից ցածր չի լինում նույնիսկ ձմռանը, իսկ ամռան ամիսներին հասնում է մինչեւ +28 աստիճանի: Օդի ջերմաստիճանն իր առավելագույնին է հասնում, իհարկե, օգոստոսին: Դե, եթե չեք ուզում շոկոլադե շքեղ արեւայրուք ունենալ, ապա չմոռանաք ձեր գեղեցիկ լայնեզր գլխարկները, արեւապաշտպան քսուքները, ամեն պահի զովանալու կկանչի, եւ դուք էլ բաց չեք թողնի Կարմիր ծովի զուլալ ու շատ աղի ջրերի հետ գրկախառնվելու որեւէ հնարավորություն: Չզարմանաք, որ վայելքին միանան նաեւ փոքրիկ, բազմապիսի ձկնիկներն ու մեդուզաները:

 

Դյութիչ ձայնով գեղեցկուհին իր ափ կկանչի նաեւ գիշերը` զբոսնելու, մոխիտո խմելու, ծովի վրա լուսնի արտացոլանքով հմայվելու, իսկ եթե մոտակայքում հայտնվեն հայրենակիցներ, գուցե այս ամենն ուղեկցվի, օրինակ, Ֆորշի ,Ջերին, Մերին, ծովն ու եսե երգով:): Եվ որպեսզի ոչինչ չխանգարի ձեր կատարյալ հանգստին, ձեռքի տակ ունեցեք մոծակների խայթոցից պաշտպանող միջոցներ:

Ծովային թերապիայից բացի, զբոսաշրջային այս հանգստավայրն արեւելյան էներգետիկայով հազար ու մի գիշերների եւ ցերեկների համար առաջարկում է ժամանցի այլ տարբերակներ, որոնցից մի քանիսը փորձարկեց նաեւ մեր խումբը: Կառանձնացնեմ ամենից տպավորիչները:

Զբոսանք նավով եւ դայվինգ

Շարմ Էլ Շեյխի այցեքարտը գեղեցկագույն կորալային խութերն են, որոնք էլ այստեղ են բերում դայվինգի բոլոր սիրահարներին: Նավով բաց ծով դուրս չգալ եւ ծովի հատակը չսուզվել (նույնիսկ եթե լողալ չգիտեք), նշանակում է՝ կորցնել աննկարագրելի ապրումների մի մեծ չափաբաժին:

Ստորջրյա թագավորությունում հայտնվելուց առաջ հրահանգիչները ձեզ եւ նավարկության մյուս մասնակիցներին կծանոթացնեն այն կանոններին, որոնք անհրաժեշտ է պահպանել բազմագույն եւ բազմաձեւ ձկներին այցելելիս. ծովի ֆլորային եւ ֆաունային մոտիկից առնչվելիս:

 

Համապատասխան հանդերձանքով եւ սարքերով զինված՝ ջուրը գցվելու առաջին վայրկյաններին եթե նույնիսկ վախի զգացում ունենաք եւ որոշեք նավ վերադառնալ, հրահանգիչը, ով մշտապես ուղեկցելու է ձեզ դայվինգի ընթացքում, հակառակում կհամոզի, համբերատար կսպասի, որպեսզի կարգավորվի ձեր շնչառությունը եւ կուղղորդի դեպի Պոսեյդոնի աշխարհ: Դա նրան հեշտ կհաջողվի, եթե հմուտ լինելուն զուգահեռ նաեւ շատ համակրելի լինի:):

Իսկ այդ ընթացքում նավավարը մանղալի վրա ձկան խորոված կանի՝ ընթրիքի նախապատրաստություն տեսնելով: Եթե հաջողակ գտնվեք, նավով զբոսանքի ժամանակ թեեւ կարճ ժամանակով, ձեզ կուղեկցեն դելֆինները՝ անսահման դրական լիցքեր փոխանցելով:


«Տաք է»

Արեւելյան բաղնիքները համարվում են իրական հաճույքի աղբյուր: Մենք էլ առասպելական Շահրազադե թագուհուն ժամադրեցինք Շարմ Էլ Շեյխի լավագույն համամներից մեկում: Չէ՞ որ կանանց ամենաանկեղծ զրույցները Արեւելքում ծավալվել են հենց այս միջավայրում:):

Համամի ծառայություններն այսօր առաջարկվում են սպա ծառայությունների եւ մերսման հետ մեկտեղ: Նախ ձեզ շոգեբաղնիք կուղեկցեն, ապա կզովանաք սառը ջակուզիում, հետո հերթը կավե դիմակինն է, այնուհետեւ ձեզ է սպասում համամի բուն արարողակարգը, որից հետո էլ կտեղավորվեք փափուկ բարձերի մեջ, մինչեւ կհասնի մերսման ժամը:

«Համամ» անվանումը առաջացել է արաբերեն «համ»՝ «տաք է» բառից։

Մեր «քարավանը» անապատում


Ադրենալինի նոր չափաբաժնի հետեւից անհրաժեշտ է գնալ Սինայի անապատ: Այստեղ սաֆարի տուրի ժամանակ պատրաստ եղիր թաթախվելու անապատի ավազների մեջ եւ հիանալու արեւակեզ լանդշաֆտներով: Արեւի մայր մտնելուն զուգահեռ տեսարանն ավելի տպավորիչ է դառնում:

Կվադրոցիկլներով սլանալուց առաջ հրահանգիչներն արաֆատկաներով (շարֆ, որ կարող եք մեկ դոլարով գնել Հին շուկայից) հմտորեն եւ շատ ամուր կկապեն ձեր գլուխն ու դեմքը՝ բաց թողնելով աչքերի մասը միայն, ինչն ակնոցի հետ համադրությամբ կպաշտպանի արեւից, ավազից եւ քամուց:

Եթե ինչ-որ պահից սկսած այլեւս չեք կարողանում ձեզ ենթարկել քառոտանուն կամ հետ եք ընկնում խմբից, ապա ավազե ճանապարհը կանցնեք, օրինակ, հմուտ հրահանգիչներից մեկի ընկերակցությամբ եւ այս դեպքում կօգտվեք վազանց անելու հաճույքից:). վերջինս հսկում է ամբողջ խմբի կարգուկանոնն ու անվտանգությունը՝ հաճախ դուրս գալով շարասյունից: Մեր թիմակից աղջիկներից մեկը, ամեն դեպքում, իր փորձառությունից չափազանց տպավորված էր:): Դե, իսկ կանգառներից մեկում՝ որը հարմարեցված է որպես հանգստատեղի, բեդուինների հյուրասիրած թեյը կզովացնի եւ կամբողջացնի կոլորիտային պատկերը: Լրացուցիչ զովացուցիչ ըմպելիքների համար, օրինակ՝ Pepsi-ի, արդեն պետք է վճարել մեկ դոլար:

Նախընտրելի է համամ գնալ սաֆարի տուրի ժամանակ անխուսափելիորեն մի լավ փոշոտվելուց հետո, կամ էլ արեւելյան բաղնիք նոր այցի նախապատրաստություն տեսնել:

Մոգական Ֆարշան

Անմիջապես Կարմիր ծովի ափին, ժայռի մեջ տեղավորված, փայտե բազմաթիվ աստիճաններով, կամուրջներով եւ արաբական ոճի պատշգամբներով «Ֆարշա» լաունջ-սրճարան այցելելը պարտադիր է` Արեւելքի շունչն առավելապես զգալու եւ շքեղագույն մայրամուտ դիմավորելու համար. սրճարանի ամեն անկյունից հրաշալի տեսարան է բացվում դեպի ծով:

Գիշերն այստեղ իրականության զգացումը կորցնելու եւ արեւելյան հեքիաթում հայտնվելու հավանականությունը բավական մեծ է. դրան նպաստում են սրճարանի էթնո ոճի լուծումները` դեկորներ, փայտե դռներ, լույսեր, մոմեր, գորգեր, հազար ու մի մանրուք, իհարկե, կալյանի թունդ բույրերը եւ հնչող չիլ-աութը` արաբական մոտիվներով: Չենք մոռանում ծովի տեսարանի մասին:


Հարմարավետ կտեղավորվեք թախտերի, բարձերի, կամ էլ ոտքերը գետնից կտրող բազմոցների վրա, կպատվիրեք նախընտրելի խմիչքը, նարգիլեն եւ կփորձարկեք ոչ մի բան չանելու նուրբ արվեստը:):

Մզկիթը, Հին շուկան եւ Նաամա Բեյի «էստի համեցեք»-ները

Մեդիա տուրի ընթացքում մենք հասցրինք ուսումնասիրել ճարտարապետական գեղեցիկ լուծումներով Ալ-Սահաբա մզկիթը եւ ներսից ամբողջովին աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներով եւ վիտրաժներով պատված Ղպտի ուղղափառ եկեղեցին:

Ժամանակը շատ ուրախ անցավ կոլորիտային Հին շուկայում` համեմված վաճառականների հետ անխուսափելի շփումներով, հումորային միջադեպերով: Վստահաբար, շատ եք լսել, որ այստեղ չի կարելի որեւէ իր ձեռք բերել` առանց դրա գինը սակարկելու: Վստահեք ձեր ուժերին եւ առեւտրականների մեծահոգությանը:):

Իսկ ինչ գնել. այն, ինչ առավել կգրավի հազար ու մի մանրուքի մեջ` թեյեր, համեմունքներ, պապիրուսներ, եթերայուղեր, նարգիլե, եգիպտական աստվածներին պատկերող արձանիկներ, Ալլադինի կախարդական լամպը, մրգեր եւ այլն, եւ այլն:


 

Առեւտրի կետերով, սրճարաններով, դիսկոտեկներով եւ ժամանցի այլ վայրերով Նաամա բեյ թաղամասը մեծ հեղինակություն է վայելում երիտասարդների շրջանում: Այստեղ պատրաստ եղեք ,էստի համեցեքե-ների ամեն քայլափոխի. սրճարանների դիմաց կանգնած տղաները լավագույն կալյանների առաջարկով կփորձեն գայթակղել ձեզ եւ հրավիրել հենց իրենց ակումբ: Սոհոյի հրապարակում էլ վերոնշյալներից բացի, կարելի է մեծ բեմահարթակով սրճարանում խմիչք պատվիրել եւ պորտապար դիտել:

Անվտանգ հանգստի նախապայմանները եւ ինչպես չխաբվել հյուրանոցի հարցում

Արեւելքի առեղծվածը բացահայտելու ցանկությունը միակ առիթը չէ Շարմ Էլ Շեյխ ուղեւորվելու: Եգիպտական այս քաղաքը զբոսաշրջիկների շրջանում հեղինակություն է վայելում միջերկրածովյան հանգստավայրերին նմանությամբ եւ համեմատաբար ավելի մատչելի տուր փաթեթների առաջարկներով:

Բազմաթիվ եւ ամենատարբեր կարգի հյուրանոցներից ընտրություն կատարելիս չխաբվելու, չշփոթվելու, արդեն տեղում ոչ հաճելիորեն անակնկալի չգալու եւ ձեր երազելի հանգիստը սիրելիի կամ ընտանիքի բոլոր անդամների հետ վայելելու համար անհրաժեշտ է ամրագրումները կատարել միմիայն վստահելի եւ փորձառու տուրօպերատորի միջոցով:

Այցի ընթացքում մենք ուսումնասիրեցինք ANRIVA TOUR-ի առաջարկած մի շարք հյուրանոցներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը. մեկի լողավազաններն ու ծովի տեսարանով բացօթյա ջակուզիներն են շքեղ, մյուսի ավազե լավ լողափից հեռանալու ցանկություն չի լինում, եւ բոլոր հանգստավայրերին միավորում է մատուցվող համեղ արեւելյան աղանդերը:):

Անվտանգության եւ ապահովության շուրջ մեր անհանգստությունները ցրվեցին առաջին իսկ օրը: Ամենուրեք հերթապահող անվտանգության աշխատակիցներից, ոստիկաններից բացի, դրան նպաստեց լավ զբոսավարի ուղեկցությունը, ով, ի դեպ, նաեւ զինվորական էր, հանգստավայրերի սպասարկող անձնակազմերի ջերմ ընդունելությունն ու գոհացնելու մեծ ցանկությունը:

Հետաքրքրական է, որ Շարմ Էլ Շեյխը հիմնական բնակչություն չունի, այստեղ ամեն ինչ միայն զբոսաշրջիկների համար է, իսկ աշխատելու գալիս են Եգիպտոսի տարբեր քաղաքներից, նաեւ Ուկրաինայից: