Հռիփսիմեն «զրոյից» թռիչք է տվել ANRIVA-ին

Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
***

Հռիփսիմե Ստամբուլյանը 2010-2012-ին հիմնել է ANRIVA Trans միջազգային բեռնափոխադրումների եւ ANRIVA Tour զբոսաշրջային ընկերությունները: 35-ամյա գործարարի ANRIVA Group-ը նաեւ 2017-ից դարձել է Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Սովորելը՝ բիզնեսի հիմք

Առաջին մասնագիտությամբ լեզվաբան-քաղաքագետ եմ: 2006-ին կրթությունս շարունակել եմ Կիպրոսի միջերկրական կառավարման ինստիտուտում, իսկ 2008-ին՝ Հնդկաստանի Ձեռնարկատիրական համալսարանում:

Անցած տարի ավարտել եմ նաեւ Հայաստանի պետական կառավարման ակադեմիան:

 

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ուսանող տարիքից սկսել եմ աշխատել. թարգմանություններ էի անում, անգլերեն եւ իսպաներեն էի պարապում: Համալսարանի փորձաշրջանն անցնում էի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Ցանկանում էի այնտեղ աշխատանքի անցնել, սակայն աշխատավարձը շատ ցածր էր, իսկ ես ուզում էի կայանալ ու ծնողներիցս կախում չունենալ:

Աշխատանքային փորձ ունե՞ք

Սկզբում մասնավոր ընկերության դրամարկղում էի աշխատել, ու քանի որ մեկ տարվա հաճախորդների սպասարկման փորձառություն ունեի եւ ,ճանաչում էի գումարըե, 20 տարեկանում ընդունվեցի բանկային համակարգ:

Համալսարանի վերջին կուրսում էի, բանկում հաճախորդներին էի սպասարկում: Հայրիկս բայց դեմ էր. նա ինձ զբոսավարի կամ թարգմանչուհու դերում էր տեսնում:

 

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 Աշխատելու տարիներին նաեւ սովորում էի. ցանկանում էի տնտեսագիտությունից էլ գիտելիք ձեռք բերել, անընդհատ կարծիք էի լսում, որ ես ,Բրյուսովնե եմ ավարտել. թերհավատորեն էին ինձ վերաբերվում:

 Լուսանկարը՝ Անձնական արխիվից


Երեկոյան մշտապես տանն անգլերեն էի պարապում: 2005-ին մինչեւ 500 հազ. դրամ աշխատավարձ էի ստանում, մինչդեռ իմ հասակակիցները 70 հազ. դրամով աշխատանք չէին կարողանում գտնել ու ասում էին, որ ամեն տեղ փորձ են ուզում:

Բեռնափոխադրումներն աղջկա գործ չէ

Չէի մտածում, որ պետք է իմ սեփական բիզնեսն ունենամ, միայն գիտեի, որ պետք է մշտապես ,աճեմե: Ես իմ ամբողջ կյանքը պլանավորում եմ: Օրինակ, պլանավորել էի՝ մինչեւ 30 տարեկանը 45 երկիր պետք է այցելեմ. չէի հասցրել ու 29 տարեկանում 22 երկիր այցելեցի, որ 45-ը լրացնեմ ու նպատակիս հասնեմ:

  Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բանկում աշխատելու տարիներին ամուսնացա, երեխայի էի սպասում, 25 տարեկան էի: Դրամարկղի ղեկավար էի, աշխատանքս ծանրաբեռնված էր, ստիպված եղա դուրս գալ: Կյանքիս ամենամեծ սթրեսն էր. մտածում էի՝ եթե կարիերաս ընդհատվի, այլեւս գործ չեմ ունենա, իսկ ես պլանավորել էի 27 տարեկանում բանկի կառավարիչ դառնալ:

20 օր տանն էի՝ անգործ, սկսեցի թարգմանություններ անել բեռնափոխադրումներով զբաղվող մի կազմակերպության համար. ոլորտը հետաքրքրեց: Չինաստանում խոշոր բեռնափոխադրող ընկերություններում ընկերներ ունեի, որոնք ինձ սկսեցին առաջարկել ու քաջալերել Հայաստանում նման ընկերություն հիմնել եւ համագործակցել:

Եթե մի ժամանակ հայրս էր դեմ, որ բանկում աշխատեմ, հիմա էլ՝ ամուսինս՝ բեռնափոխադրումներին. ասում էր՝ դա տղամարդու գործ է:

 Լուսանկարը՝ Անձնական արխիվից

  Ինձ հատկապես ծովային բեռնափոխադրումներն էին հետաքրքրում եւ որոշեցի հենց այս ոլորտում միջազգային ընկերություն հիմնել: Երեք ամսական աղջկաս հետ եմ գնացել պետական ռեգիստր՝ ANRIVA Trans-ը գրանցելու: ANIRVA-ն մեծ աղջկաս, իմ եւ ամուսնուս անվան առաջին տառերի միավորումն է:

Մազերի գնով

Գրասենյակ վարձակալեցի, ընտանեկան ֆոնդից գումար ծախսեցի՝ երեք սեղան, աթոռ, համակարգիչ եւ մեկ տպիչ գնելու համար: Անգլերենին տիրապետող երկու աշխատակից ընդունեցի, սովորեցրի նրանց բեռնափոխադրումների ոլորտին վերաբերող այն ամենը, ինչը ես մեկ տարվա ընթացքում էի ինքնուրույն ուսումնասիրել:

Ներդրումները քիչ էին. անընդհատ գումարի կարիք կար: Բանակցություններ վարելով՝ փորձում էի խնդիրները կարգավորել: Լուրջ, սթրեսային իրավիճակներ են եղել, որ թվում է՝ չափից շուտ եմ մեծացել: Հիմա, իհարկե, մեծ ներդրումներ ենք անում՝ հաճախորդներին ճկուն վճարման տարբերակներ առաջարկելու համար:

Ոչ մեկ չէր հավատում, որ կհաջողեմ, քանի որ աղջիկ եմ: Ամուսինս ասում էր՝ սխալ եմ վարվում, որ բարձր աշխատավարձերով աշխատանքները մերժում եմ եւ բիզնես սկսելու ռիսկին եմ դիմում: Բայց ես անգամ Հնդկաստանում սովորելու տարիներին $4000 աշխատավարձով առաջարկն էի մերժել:

 Ô±Õ´Õ¡Õ¬Õ« Խաչատրյանը զրուցում Õ§ Հռիփսիմե Ստամբուլյանի Õ°Õ¥Õ¿ Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ստիպված եղա անգամ երկար մազերս կտրել. թվում էր՝ երկար մազերով ինձ անլուրջ են վերաբերվում: Մարդիկ իրենց միլիոնավոր բեռներն էին ինձ վստահում: Իմ աշխատավարձը մինչդեռ 60 հազ. դրամ էր, անգամ դա էի ներդնում բիզնեսում:

Ոլորտում առանձնանում են

Մեզ համար կապ չունի խոշոր կազմակերպություն է, թե ֆիզիկական անձ, նույն վերաբերմունքն ենք ցուցաբերում հաճախորդին, մշտապես տեղեկացնում ենք, թե բեռը որտեղ է գտնվում: Միգուցե այդ մոտեցումը հիմա արդեն կա, բայց 2010-ին նման ընկերություններում այդպես չէին աշխատում:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

  
Դինամիկ աճի ու նոր մոտեցման շնորհիվ է ANRIVA Trans ընկերությունը 2012-ին Ավստրիայում արժանացել Եվրոպական որակավորման բարձր տիտղոսի եւ ստացել արտոնագիր, ինչից հետո մեր ծառայությունները Եվրոպայում ավելի են հեշտացել:

Թիմը

Իմ նպատակն է աշխատանքային մեծ ընտանիք ունենալը. յուրաքանչյուր աշխատատեղի ստեղծումն ինձ բավարարվածություն է տալիս: Ես սոցիալական հարց եմ կարգավորում. այժմ 25 աշխատակից կա իմ թիմում. դեռ ավելանալու ենք: Երեւանում երկու գրասենյակ ունենք:

Հռիփսիմե Ստամբուլյանը՝ աշխատակիցների հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կան հաճախորդներ, որոնց համար բեռնափոխադրումներ ենք իրականացնում, օրինակ՝ Չինաստանից Եվրոպա կամ Եվրոպայից Ռուսաստան: Ուղիղ աշխատում ենք ծովային, օդային, գնացքային ընկերությունների հետ: Ունենք վարորդներ, որոնց հետ անմիջական աշխատում ենք մեր բեռները փոխադրելու համար: Շատ փոքր բեռներով չենք զբաղվում. աշխարհի ցանկացած վայրից կարող են մեզ դիմել:

Տուրիզմ էլ. ինչո՞ւ ոչ

Մենք հաճախորդին միայն բեռնափոխադրում չէինք առաջարկում. այլ տուրիստական ընկերություններին դիմելով՝ վիզա էինք կազմակերպում, տոմսեր, հյուրանոց ամրագրում, որ հաճախորդը մեկ փաթեթ ունենա:


Մի գործարարի համար միշտ ամբողջական փաթեթի ծառայություն էինք մատուցում: Մի անգամ Կիպրոսում անձնական միջոցառում նշելու նպատակով նրան պետք էր 40 հոգու համար տուր կազմակերպել, մեր աշխատելաոճն այնքան էր հավանել, որ ցանկանում էր մեզ դիմել, բայց անհարմար էր զգում:

Գաղափարն այդտեղից ծագեց. երբեւէ չէի մտածի՝ տուրիզմով այնքան կընդլայնվենք, որ կդառնանք տուր օպերատոր, ավիաընկերություն: 2012-ից սկսած՝ բոլոր ճյուղերն ուսումնասիրեցի, ձեւավորեցինք արտագնա, ներգնա տուրիզմի բաժիններ:

Ձեռքբերումները

2017-ից ANRIVA Tour-ը, որոշակի ռիսկեր վերցնելով, դարձավ Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը եւ վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանում:

Շատ էի ցանկանում, որ հայերը չարչարվելով չգնան Վրաստան՝ Եգիպտոս ճամփորդելու համար: Սկզբում շաբաթական երկու թռիչք էինք կազմակերպում դեպի Եգիպտոս, այս տարվա հունիսից՝ վեցն է լինելու:

 Լուսանկարը՝ Անձնական արխիվից

 Մեր ամենամեծ հաջողություններից է նաեւ Booking.com-ի նման Egypt.anrivatour.am օնլայն համակարգի ստեղծումը, որտեղ հաճախորդներն օնլայն կարող են գնել փաթեթ դեպի Եգիպտոս: Այն առաջարկում է ինչպես B2B, այնպես էլ B2C ծառայություններ: Նման համակարգ ներգնա տուրիզմի համար էլ կստեղծենք: 

Ընտանեկան հանգստությունը՝ բիզնեսի զարգացման պատճառ


Յուրաքանչյուր կին, ինչքան էլ բիզնեսով զբաղվի, առաջին տեղում պետք է դնի ընտանիքը: Չափից շատ եմ ճամփորդում, աղջիկներս (երկու դուստր ունեմ՝ 9 եւ 5 տարեկան) հաճախ են ասում, որ իրենց ոչինչ հարկավոր չէ, միայն ես տանը լինեմ: Հաճախ առավոտյան երկրից մեկնում եմ եւ ուշ երեկոյան՝ վերադառնում:

Այն կինը, որն ունի ընտանիք եւ երեխաներ, նրա բիզնեսը շատ-շատ ավելի հեռուն կգնա, որովհետեւ բիզնեսում դժվարությունները չափից շատ են՝ հատկապես կնոջ համար: Եթե չունես հոգեպես աջակցող մարդիկ, չես ունենա հանգստություն, որ ստեղծագործես բիզնեսում:

 Õ€Õ¼Õ«ÖƒÕ½Õ«Õ´Õ¥ Ստամբուլյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շատ կարեւոր է նաեւ անցած ուղին, ոլորտի ճիշտ պատկերացում եւ լուրջ տեսլական ունենալը, մշտապես ինքնակրթվելը եւ բիզնեսի հիմքում միայն շահը չդնելը:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Anriva-ի